Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կոմիտասյան վեց տասնյակ նյութերի զգալի մասը ցուցադրվում էր առաջին անգամ

Կոմիտասյան վեց տասնյակ նյութերի զգալի մասը ցուցադրվում էր առաջին անգամ
27.09.2014 | 11:27

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասյան սրահում տեղի ունեցավ «Երկու ժամ Վարդապետի աշխարհում» համերգ- ցուցադրություն՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145 -ամյակին: Թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին աննախադեպ մեծացել է հետաքրքրությունը Կոմիտասի անձի և նրա ստեղծագործությունների հանդեպ. «ՈՒրախալին այն է, որ մի տեսակ շահեկան, ողջունելի մրցակցություն է սկսվել թե´ տասնյակ խմբերի, թե´ անհատ ուսումնասիրողների միջև: Պակաս ուրախալի չէ նաև այն, որ մարդիկ գիտեն, եթե կոմիտասյան նախաձեռնություն են հանդես բերում, որպես կանոն, դա աջակցության է արժանանում և մասնավոր, և պետական հատվածներից. խոսքը գլխավորապես մշակույթի նախարարության մասին է: Իսկ մասնավորի առումով, եթե կա երեք-չորս անուն, որ վիճահարույց չէ, գործարարը չի սակարկում, անպայման հովանավորում է, առաջինը Կոմիտասն է»: Կարո Վարդանյանը հավելեց նաև, որ կոմիտասյան հոլովույթում գրականության և արվեստի թանգարանը միշտ եղել է ու շարունակում է մնալ առանցքում, զուտ այն պատճառով, որ այստեղ է գտնվում մեծ երաժշտի ամբողջ արխիվը, այդ թվում` անձնական իրերը:

Հոբելյանական միջոցառման շրջանակում նախատեսվում էր բացառիկ ցուցադրություն: Օրն արժևորվեց թավջութակահար, ժողովրդական արտիստուհի Մեդեա Աբրահամյանի և դիրիժոր, երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի` Կոմիտասին նվիրված բովանդակալից ելույթներով: Կոմիտասյան երգերի կատարումներով հանդես եկավ Մարիամ Կանայանը, համերգային ծրագրով՝ Կոմիտասի անվան լարային քառյակը (գեղ. ղեկ. Էդուարդ Թադևոսյան): Կոմիտասի անունը կրող դահլիճում ջերմ մթնոլորտ էր, կարելի էր տեսնել ինչպես է ջութակի, ալտի, թավջութակի լարերից ծնվում կոմիտասյան մեղեդին: Դահլիճը լեփ-լեցուն էր: Ոմանք դասական օրինակով հոտնկայս էին հետևում միջոցառմանը, առավել երիտասարդ երաժշտասերները պարզապես տեղավորվել էին հատակին: Ասում են` Փարիզի հոգեբուժարանում Կոմիտասն անընդհատ այս հարցն է տվել` «Ապրո՞ւմ է այն գործը, որի համար ես մեռա»: Կոմիտասյան բազմախորհուրդ, պարզ ու հարուստ երաժշտությամբ հագեցած օրն ասես գալիս էր պատասխանելու վարդապետի հարցին: Թեև այդ հարցի պատասխանը դեռ երկար ենք որոնելու:
Միջոցառումն ընդմիջվեց փոքրիկ էքսկուրսիայով: Թանգարանի երաժշտական ֆոնդի վարիչ, երաժշտագետ Մարինե Մուշեղյանը ներկայացրեց «Կոմիտաս. Հայտնի և անհայտ» խորագիրը կրող ցուցադրությունը: Ներկայացված ավելի քան վեց տասնյակ նյութերի զգալի մասը ցուցադրվում էր առաջին անգամ: Ցուցադրությանը առավել ամփոփ կանդրադառնանք առաջիկայում: Հավելենք, որ միջոցառումն ավարտվեց «Գութաներգ» խորագրով կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ